«Եթե եվրոպական ուժերը հաղթեն Հայաստանի ընտրություններում, Մոսկվան կձեռնարկի համապատասխան միջոցներ։ Ռուսաստանը մտադրություն չունի ֆինանսապես աջակցելու այն երկրին, որն իր ապագան տեսնում է ԵՄ-ում, քանի որ ԵՄ-ը պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ: Մենք իսկապե՞ս փող ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեզ հետ կռվել»,- հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։               
 

Կռապաշտությունը միայն քարե կամ փայտե արձաններին երկրպագելը չէ

Կռապաշտությունը միայն քարե կամ փայտե արձաններին երկրպագելը չէ
07.06.2026 | 11:38

Մի՛ երկրպագիր կուռքին (Ելք 20:3-5)

Քրիստոնեական ընկալմամբ՝ կռապաշտությունը միայն քարե կամ փայտե արձաններին երկրպագելը չէ։ Կռապաշտություն է նաև, երբ մարդն Աստծուն վերագրելիք պաշտամունքը տալիս է երկրային որևէ արարածի՝ առաջնորդի, գաղափարախոսության կամ իշխանության՝ կերտելով իր համար կուռքեր։ Կուռք է դառնում այն ամենը, ինչին մարդը տալիս է իր հույսը, սերն ու հավատը ավելի շատ, քան Աստծուն, ինչը Քրիստոսի մեծագույն պատվիրանի խախտում է (Մատթ․ 22:37)։

Երբ հասարակության մի ստվար զանգված՝ ներառյալ աղետների, կորուստների և տառապանքների միջով անցածները, շարունակում է կուրորեն փառաբանել երկրային առաջնորդին, հավատում ակնհայտ ստին ու խոնարհվում կործանարար ընթացքի առջև, մենք գործ ունենք հավաքական հոգևոր կուրության, կռապաշտության և պատրանքի բարձրակետի հետ (Երեմ․ 44:16-18)։ Մասնավորապես․

Մաս Ա. Կռապաշտության ծնունդը և հոգևոր դատարկությունը

1․ Երբ հասարակությունը դադարում է ապավինել Աստծուն, կորցնում է քրիստոնեական հոգևոր հենարանը, նրա մեջ առաջանում է պաշտամունքի դատարկություն և մարդկանց մեջ փրկիչների որոնում (Ա Թագ․ 8:7-20)։

2․ Աստվածաշունչը խստագույնս պատվիրում է մարդուն իր հույսը չդնել երկրային արարածների վրա․ «Յոյս մի՛ դրէք իշխանների՝ մարդկանց որդիների վրայ, որովհետեւ նրանցից փրկութիւն չկայ» (Սաղմ․ 145:3)։ Եվ երանի տալիս նրանց, ովքեր իրենց հույսը դնում են Աստծու վրա (Սաղմ․ 145:5)։

3․ Երբ մարդիկ առաջնորդին վերագրում են անսխալականություն, նրանք գործնականում մերժում են Աստծո բացարձակ հեղինակությունը և ընկնում հոգևոր թմբիրի, մոլորության մեջ (Գործք 12:21-23)։

4․ Սակայն, բոլոր կուռքերը ժամանակավոր են, որոնց անկումից հետո գալիս է հիասթափություն, ցավ և հուսախաբություն (Ես․ 42:17)։

Մաս Բ. Մոլորության մեխանիզմը և կամավոր կուրությունը

5․ Երբ ազգը կամ հասարակության մի մասը կամավոր ընտրում է ուրացման, հարմարվողականության, հարմարավետության ու ստի ճանապարհը, ընկնում է հոգևոր կուրության մեջ։ Նրանք այլևս ունակ չեն լինում տեսնելու ակնհայտ իրողությունները, և ցանկացած անիրագործելի խոստում նրանց համար դառնում է հուսադրող իրականություն (Ես․ 6:9-10)։

6․ Անցյալի առաջնորդների հանդեպ ունեցած բուռն ատելությունը, հիասթափությունն ու վիրավորանքը ամենապարարտ հողն են նոր կուռքեր ստեղծելու և կույր պաշտամունքի՝ կռապաշտության մեջ ընկնելու համար (Ելք 32:1)։

7․ Եթե մարդը կամ ազգը առաջնորդվում է պատմական ատելությամբ, նա դատապարտված է ընկնելու մի ստրկությունից մյուսի մեջ՝ հին փարավոնին փոխարինելով նոր կուռքով։ Ատելությունը երբեք չի կարող ծնել լույս կամ ազատություն, այն միշտ կապանք է (Ա Յովհ․ 2:11)։

8․ Մարդիկ հրաժարվում են տեսնել կուռքի սխալները, կեղծիքն ու տկարությունը, որովհետև նրան քննադատել կամ նրա մեջ թերություն տեսնել՝ նշանակում է ընդունել, որ իրենց սպասումները խաբվել են (Ես․ 44:18-20), կամ (ինչն ավելի վախենալու է նրանց համար)՝ ճանապարհ հարթել անցյալի վերադարձի համար։ Հետևաբար, գիտակցաբար հրաժարվում են տեսնել իրականությունը, նախընտրելով մնալ իրենց մոլորությամբ հորինած պատրանքի մեջ։ Այսպիսով, ատելությունը հնի հանդեպ դառնում է նորի անսխալականության կեղծ երաշխիքը։

Մաս Գ. Ստի հոգեբանությունը և հոգևոր սովը

9․ Մարդիկ հաճախ հավատում են ստին ոչ թե այն պատճառով, որ սուտը շատ համոզիչ է, այլ որովհետև այդ սուտն իրենց հաճելի է և համընկնում է իրենց ներքին ցանկություններին: Ճշմարտությունը հաճախ ցավոտ է, պահանջում է ինքնաքննադատություն, ապաշխարություն և պատասխանատվություն: Սուտը, ընդհակառակը, մատուցում է հեշտ լուծումներ և մեղքի զգացումի վերացում (Ես․ 30:9-10):

10․ Կուռքի հետևից գնացող հասարակությունը կորցնում է քննադատական մտածողությունը, բարոյական և հոգևոր չափանիշներն այնքան են աղավաղվում, որ սրբությունների պղծումն ու անարգումը նրանց աչքին այլևս մեղք չեն երևում (Մաղ․ 1:6-7)։ Նա պատրաստ է ներել կուռքին հայրենիքի կորուստը, սրբությունների ոտնահարումը, պղծությունների հովանավորումը, չիրագործած կեղծ խոստումները՝ միայն թե չխոստովանի իր սխալն ու կուրությունը։

11․ Երբ հասարակության մեջ խարխլվում են բացարձակ հոգևոր արժեքները և Աստծո Խոսքի հեղինակությունը, առաջանում է հոգևոր սով (Ամոս 8:11):

12․ Եթե մարդը չունի Ճշմարտության հստակ չափանիշ՝ կողմնացույց, նա դառնում է խոցելի ցանկացած տեղեկատվական հոսքերի, մանիպուլյացիաների առաջ, նմանվում մի երեխայի, որոնց հեշտ է խաբել (Եփես․ 4:14)։

Այսպիսով, հոգևոր արթնությունը պահանջում է հրաժարվել թե՛ կուրացնող ատելությունից և թե՛ կուրացնող պաշտամունքից՝ հայացքը միշտ ուղղված պահելով բացարձակ Ճշմարտությանը՝ Աստծուն։ Հոգևոր թմբիրից, կուռքերին երկրպագելուց դուրս գալու միակ ճանապարհը հավաքական ինքնախաբեության պատրանքից արթնանալն է, որը տեղի է ունենում միայն իսկական, ցավոտ, բայց բժշկող ապաշխարության և ճշմարտության հետ առերեսվելու միջոցով (Բ Մնաց. 7:14): Եթե կամավոր ապաշխարության քաղցր լուծը մարդիկ հրաժարվում են ստանձնել ու Տիրոջ կանչերն անտեսվում են (Մատթ․ 11:28-30), ապա ստիպված են լինելու կրել պարտադրված ապաշխարության ծանր բեռը՝ անցնելով դառը տառապանքի, զրկանքների և կորուստների միջով (Բ Մնաց. 36:15-21)։

Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 156

Մեկնաբանություններ